ՍԵԲԱՍՏԱՑԻ-ՈՍԿԵՀԱՏՑԻՆ

-Դու լրիվ Սեբաստացիի կադր ես, գնա։

Չգիտեմ՝ ոնց էին որոշում սեբաստացիներն ինչպիսինն են, բայց եկա փորձելու։ Ալլա Քոչարից մի քանի  գովք էլ ավել լսեցի ու եկա դպրոց։ Կամավորություն անելու հավեսս տեղն էր, ամռան ճամբարն էլ՝ նորություն։ Ի՞նչ իմանայի, որ գեղեցկուհի Քնարիկը տնօրեն է. մի տնօրեն գիտեի՝ Աշոտ Բլեյան։ Տիարի ներկայությունը դպրոցում ապշեցրել էր. խիստ տնօրենից մինչև երեխեքի հետ գրկախառնվող տեսակ, բոլոր աշխատակիցներին կարճ ժամանակում բացահայտող, դրական հատկանիշներն ընդգծող, աջակցող, ինքնակրթության ցանկացած դրսևորում խրախուսող։ Շնորհակալ եմ։ 

Տնօրեն Քնարիկի առաջարկը պարտավորեցնող էր. դասվար։ Իր անսահման վստահությունն ու կամքս իրար հետ սկսեցին աշխատել։ Աշխատանքային կյանքիս ամենաբարդ տարիներն էին։ Երբ ներսում չկա գոնե մեկը, ով կարող է ասել, որ ճանաչում է քեզ, ու էդպես կարծիք կազմեն բոլորը, պիտի ամեն ինչ հերթով ապացուցես ինքդ քեզ ու բոլորին։ Հյուսիսում ու, առհասարակ,  շատ սահուն եղավ դա, հատուկ բաներ անելու կարիք չկար, տեմպի հետ տեսակդ կեղծել չես կարող, ինչ կաս՝ կաս։ Ես հասցրի սիրված զգալ ինձ։ Շնորհակալ եմ։

Իմ գյուղը իմ գյուղն է, իմ անմնացորդ սերը, բայց որ մյուսների համար էլ կարևորություն կստանա, պատկերացրի վերջին երեք տարվա ընթացքում։ Ոսկեհատը կարևորելու արդյունքում բազմաթիվ խմբեր շարունակում են գալ-գնալ, ստեղծվեցին ժամանակն ու տարածությունն անտեսող կապեր, ընկերություն։ Շնորհակալ եմ։

Զարգանալու անսպառ հնարավորություններ ունեցա։ Մաեստրո Հարություն Թոփիկյանի ներկայությունը իմ կյանքի մեծագույն պարգևներից էր։ Իր թեթև ձեռքով երգը դարձավ ավելի սիրելի, խմբում երգելը՝ նվեր-հնարավորություն։

Ամենօրյա շնչակտուր վազքս միայն ֆիզիկապես հոգնեցրեց։ Սովորելու, ինքնակրթվելու համար միշտ ժամանակ կգտնվի։

Սեբաստացիում կիթառ նվագելու երազանքիս համար էլ ժամանակ գտնվեց։ Ընդհանրապես, մեծ երազանքները մի օր պստիկ նպատակների են վերածվում ու իրականանում, եթե մի քիչ ավելի երկար ես մտածում դրանց մասին)։

Սարասերիս համար Արագածից հետո ամեն ինչ ավելի թեթև, հեշտ ու իրատեսական թվաց։ Էս երազանքս էլ արագ իրականացավ։

Ժամանակի ընթացքում Հյուսիսում ոչ մի ծանոթ չունեցողի կարգավիճակից անցա ընկերներ ունեցողի կարգավիճակին։ Քնարիկի հավատը, որ կհաջողեմ, թևեր տվեց ավելին անելու։

Շատ են մարդիկ, որոնց պիտի շնորհակալություն ասեմ վերջին երեք տարիների կայացմանս համար, շատերի հավատը, ոգևորիչ խոսքը, մեկնած ձեռքն են օգնել կասկածելի, անլուծելի թվացող իրավիճակներում, մենակ ոչինչ էլ չէր ստացվի։ Բոլորից շատ բան սովորելու հնարավորություն եմ ունեցել։ Փորձել եմ ազնիվ աշխատել։ Շնորհակալ եմ։

Լավ սկսվող ամեն բան պետք է լավ էլ ավարտվի։ Սիրով սկսվեց, սիրով անցավ ու սիրով է ավարտվում պայմանագրային աշխատանքս, ինչը ոչ մի կապ չունի 《սեբաստացի》 զգալուս հետ։ Սովորողներիս ու ընկերներիս հետ կապերն անշղթա են, իրական մանկավարժությունն՝ ամենուրեք…

Քառապատում. Վրեժ Բադալյան

Հոգու աչքերով

Պատերազմը չարիք է, անկախ սպասվող ակնկալիքից, ուղղակի այն չպիտի լինի, գոյություն պիտի չունենա: Քանի դեռ պատերազը շրջում է ճակատագրեր, այն ոչնչի պետք չէ:
Վրեժի ճակատագրում փոփոխություն մտցրեց Արցախյան երրորդ պատերազմը: Շատ չի անցել այն պայծառ օրերից, երբ սեբաստացիներով որոշեցինք Սևակի Զանգակատունը ճանաչել: Ճամփորդական պատմություններիս մեջ այս մեկն առանձնացավ պայծառ երիտասարդների ներառմամբ: Վրեժն ու ընկերները ուսուցչի հետ համբերատար ուղեկցեցին, ներկայացրին գյուղի ամենասիրուն, ամենատարբերվող վայրերը: Ճանապարհը լցվեց դպրոցական տղաների հայրենասիրական գաղափարներով, մտքներիս մեջ վերաձևակերպեցինք. չէ, էս սերունդը ուրիշ է, տարբերվող:
Տպավորություններից ընկերություն մնաց, հարազատ Զանագակատուն գյուղում երիտասարդների մի պայծառ խումբ ավելացավ ընկերների ցանկիս: Վրեժենք գնացին բանակ, իրենց երազած բանակ:
Երբեք խաղաղություն բառն այնքան գիտակցված չեմ ընկալել, ինչքան հիմա: Խաղաղության ճամփին Մատաղիսում ծառայող Վրեժը մի քանի անգամ վիրավորվեց: 19-ամյա ուժեղ տղան դիմացկուն էր, բայց պատերազմում դա միշտ չէ, որ որոշիչ է: Երրորդ անգամ ծանր վիրավորվեց ու տեղափոխվեց Երևան: Գյուղի սարերն աչքերով, մտքով, բջիջներով սիրող տղան կորցրեց մի աչքն, ու տեսնելու շատ փոքր հույս մնաց: Թվում է, թե համատարած խավարի մեջ պայծառ մտքով տղան պիտի չարացած լիներ աշխարհի դեմ, բայց… չէինք հասցնում մենք խոսել….Մար, Նար, եկե՞լ եք, Մար, Նար, գիտե՞ք, էն ճամփով ենք հասնում մեր վանքը, լավանամ գնանք… Մար, Նար, ձիարշավարան կանեմ, մի նեղ արահետով կգնանք մեղվաբուծարան… Մար, Նար, արահետ, որովհետև դաշտի ծաղիկների ու կանաչի միջով պիտի անցնի… Մար, Նար…
Աչքի խավարի հետ կապ չունեցող միտք՝ ավելի պայծառացած: Աշխարհի գեղեցկությունները սրտում պահած Վրեժը ստիպեց մոռանալ հուսահատությունն ու կառչել լուսավորից: Ամաչեցի հուսալքությանս համար…
Մտքի թռիչքներն իրականացնելու համար տեսողությունը պետք է վերականգնել: Չնայած փոքր հույսին՝ վիրահատությունը պետք է անել արտերկրում:
Սեբաստացիական համայնքը «Հանգանակություն» շաբաթ է սկսել, պիտի կարողանանք օգնել բոլորին, ովքեր ֆիզիկապես ողջ մնացին՝ հոգեպես կորցնելով ներքին խաղաղությունը, պիտի փորձենք ապագայի պլանները նաև աչքերով գծել:

Հոգատարություն


Դեկտեմբերի 4-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի «ArtԱսահման» արվեստանոցում տեղի ունեցավ Արփենիկ, Ռաֆայել Պետրոսյան, Դավիթ Թադևոսյան ջազային տրիոյի Love at last համերգը։ Համերգը կազմակերպվել էր «Հոգատարություն» ուսումնական նախագծի շրջանակում, տոմսերի գումարը ամբողջությամբ տրամադրվեց Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Վրեժ Բադալյանին՝ բուժման նպատակով։

Վրեժին հրավիրել էինք համերգին երկմտելով՝ կգա՞։ Սիրով արձագանքեց, ընտանիքի հետ հյուրընկալվեց։ Որոշեցի աչքերի փոխարեն խոսքերով բացատրելք որտեղ է գտնվում։ Պարզվեց՝ իր երազած արահետի նմանությամբ է ստեղծված Գեղարվեստի մուտքի արահետը։

Համերգից հետո միլիմետրի ճշտությամբ նկարագրում էր, թե որտեղ են նստած եղել երաժիշտները, ով ինչ գործիքով է նվագել, տպավորությունները հիացական էին։ Նույնիսկ զգացել էր, որ դաշնամուրը մի քիչ թեքությամբ է դրված. դե, հոգու աչքերն ամենատես են…

Ապագայի հավատը

Վրեժի բուժման համար անհրաժեշտ գումարը մեծ է, բայց բարերարների, հոգատար բժիշկների աջակցությամբ հունվարի 10-ին Վրեժը կմեկնի վիրահատության՝ իր երազած գունագեղ արահետով անվրեպ քայլելու հավատով։

Զանգակատան բարձունքների ճամփեքին

Այստեղ լինելու է ֆիզիկապես առողջացած Վրեժի մասին…

Պատերազմը՝ կրթության գործիք

 «Պատերազմը՝ կրթության գործիք» նախագծի շրջանակներում հանդիպեցինք Ավագ դպրոցի դասավանդող Աշոտ Տիգրանյանի հետ: Զրույցի թեման խաղաղությունն էր, պատերազմը, պատերազմական իրավիճակում կրթությունը: 5-րդ դասարանի սովորողներն իրար հերթ չտալով հարցեր էին տալիս, կարծիք արտահայտում: Հանդիպումն ավարտվեց ժամանակի սղության պատճառով, բազմաթիվ հարցեր դեռ ունեն սովորողները, որոնք քննարկելու են Աշոտ Տիգրանյանի հետ հաջորդ հանդիպումների ժամանակ: Ըստ պայմանավորվածության՝ հաջորդ հանդիպումները չեն ուշանա:

Տեսանյութերը՝ Ռիմա Քեքեջյանի

Դեկտեմբեր, հաշվետվություն


Հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ: Պատերազմը՝ կրթության գործիք
4-րդ դասարան՝ Հայաստանի գետերը և լճերը, Հայոց բերդերը, Նավասարդ
5-րդ դասարան՝Վանի թագավորություն, Ավանդազրույցներ, պատումներ արքայատոհմերի մասին, Նավասարդ

Ճամփորդություն. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Mskh.am կայքի խմբագրում
Artschool.am ենթակայքի խմբագրում

Հայկական Ամանորը և Ձմեռ Պապը

Աշխարհի ժողովուրդները տարբեր կերպ են դիմավորում Ամանորը. ԱՄՆ-ում, օրինակ, կազմակերպվում են ջրային շքերթներ՝ ծաղկազարդ նավակներով, անգլիացիները շատ են կարևորում, թե այդ օրն ով է առաջինն իրենց տուն մտնում. եթե եկողը շիկահեր է, լավ նշան է, եթե թխամազ՝ ոչ այնքան: Չինացիներն այդ գիշեր չեն քնում՝ ակնկալվող հաջողությունը բաց չթողնելու համար, իսկ իտալացիները մեծ հրճվանքով պատուհանից դուրս են նետում հին իրերը.  որքան շատ՝ այնքան լավ:

Продолжить чтение «Հայկական Ամանորը և Ձմեռ Պապը»

Հայաստանի բերդերը և ամրոցները

Հայաստանն աշխարհի ամենահին և ամենահարուստ պատմություն ունեցող երկրներից մեկն է, որտեղ բերդերը և ամրոցներն ապրում են մինչ օրս:

Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է։ Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը։

Продолжить чтение «Հայաստանի բերդերը և ամրոցները»

Արագած, Արա, Աժդահակ

Արագած  լեռ

Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:

Продолжить чтение «Արագած, Արա, Աժդահակ»

Հայաստանի ջրվեժները

Ջրվեժ ասելով հասկանում ենք բարձրությունից սրընթաց կերպով ցած
թափվող ջրի հոսանքը:
Ունենալով լեռնային բնույթ՝ ՀՀ տարածքով հոսաղ գետերի անկումը
բավականին մեծ է, որն էլ նպաստում է ջրվեժների առաջացմանը:

Սահանքային ջրվեժներից ամենաբարձրը Ջերմուկի ջրվեժն է (68 մ), իսկ
գահավիժող ամենաբարձրերից և ամենաջրառատներից է Թռչկանի
ջրվեժը (23 մ): Հայաստանում հայտնի է նաև Լիճքի ջրվեժների կասկադը:
Կան նաև բազմաթիվ ժամանակավոր հոսք ունեցող ջրվեժներ, որոնք
գործում են տեղումնառատ եղանակներին, հիմնականում գարնանը և
աշնանը:
Անվերջ բացահայտվող Հայաստանում օր-օրի փորձում ենք բացահայտել
և ներկայացնել հանրությանը այն ջրվեժները, որոնք դեռևս
գրականության մեջ ներառված չեն:
Ջերմուկի ջրվեժ
Ջրվեժ բնության ջրաերկրաբանական հուշարձան ՀՀ Վայոց Ձորի
մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ
վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից
3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։

Продолжить чтение «Հայաստանի ջրվեժները»