Կար-չկար մի մեծ փիղ կար: Այս փիղն իր կնոջ ու Յալմար անունով տղայի հետ ապրում էր գազանանոցում:
Հայր Փիղը շատ մեծ էր: Մայր փիղն էլ էր մեծ: Դե, Յալմարն էլ շատ փոքր չէր: Փղերն ընդհանրապես փոքր լինո՞ւմ են:
Մի սիրուն օր փիղ մայրիկն ու փղիկը տեսան, որ փիղ հայրիկը կանգնել է գլխի վրա:
– Ի°նչ ես անում,- հարցրեց փիղ մայրիկը:
– Մի բան եմ ուզում հիշել,- պատասխանեց փիղ հայրիկը:
– Ի՞նչ ես ուզում հիշել:
– Որ իմանայի, էլ ինչո՞ւ էի չարչարվում,- պատասխանեց փիղ հայրիկը: – ճիշտ չե՞մ ասում:
– Յալմար,- ասաց փիղ մայրիկը տղային,- շուտ վազի՛ր ու իմացի՛ր՝ ի՞նչ է մոռացել հայրդ:
Ու Յալմարը ճամփով վազեց: Հետո եղեգնուտի կողքի փոքր բլուրը բարձրացավ ու նստեց, որ հանգստանա, հետն էլ նայի, թե ո՞ նց են ամպերը երկնքում խաղում:
Հանկարծ լսեց, որ մեկը լաց է լինում: Հենց իր կողքին էին լաց լինում, բայց Յալմարը չէր տեսնում, թե ով է ու ասաց.
– Լաց մի լինի, ուզո՞ւմ ես օգնեմ քեզ:
Լացը դադարեց:
– Դու ո՞վ ես,- հարցրեց Յալմարը:
– Մոռացված Ծննդյան օրն եմ: Չգիտեմ էլ, թե ո՞ւմն եմ:
– Վա՜յ,- ասաց Յալմարը,- ա՜յ քեզ բան. Իսկ տորթ ունե՞ս:
– Բա ո՜նց: Առանց տորթի՝ ի՞նչ ծնունդ: Իմ տորթի վրա վեց մոմ կա, ուրեմն ինչ-որ մեկն այսօր վեց տարեկան է դառնում:
«Ի՜նչ լավ է,- մտածեց Յալմարը,- շա՛տ լավ է: Համարյա յոթ տարեկան դառնալու չափ լավ: Հինգ տարեկանն էլ վատ չէ, դե, չորսն էլ ոչինչ: Ա՛ յ, ուրի՜շ է ութ տարեկան որ լինես, արդեն հենց այդքան կմնա, որ չափահաս դառնաս»:
– Ափսո՛ս, շատ ափսոս, որ չեմ կարող քեզ օգնել,- ասաց նա: – Ուղղակի չգիտեմ, թե ո՞վ է իր ծննդյան օրը մոռացել:
Ու Յալմարը տուն վազեց: Եկավ տեսավ հայրն արդեն գլխի վրա կանգնած չէր, այլ նստել էր սեղանի մոտ ու ճաշ էր ուտում:
– Հիշել եմ,- ասաց փիղ հայրիկը,- ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր, կամ վաղը, կամ էլ այսօր: Հենց այդպես էլ գիտեի:
– Ի՞նչն է այսօր,- հարցրեց Յալմարը:
– Այսօր քո ծննդյան օրն է,- սենյակ մտնելով՝ ասաց փիղ մայրիկը: – Այսօր քո վեց տարին լրացավ:
Յալմարը ուրախացավ, հուզվեց ու շուտ հետ վազեց եղեգնուտի մոտի փոքր բլուրը:
– Լսի՛ր,- գոռաց նա,- պարզվեց, որ դու ի՛մ Ծննդյան օրն ես: Այսօր ե՛ս եմ վեց տարեկան դառնում:
– Ո՜ւխ,- ուրախացավ մոռացված Ծննդյան օրը,- ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն:
Երեկոյան թեյի հետ Յալմարն ստացավ իր տոնական տորթը՝ վրան էլ վեց մոմ: Նա կնճիթը ձգե՛ց, վեցն էլ միանգամից հանգցրեց:
«Ի՜նչ լավ է,- մտածեց նա: – Շա՜տ լավ է վեց տարեկան դառնալը»։ Փղերն ընդհանրապես փոքր լինո՞ւմ են։