Լեզվի կոմիտե, հորդորակներ
Հորդորակ ամսաթվերի գրության մասին
Էլեկտրոնային գրադարան
Սերգեյ Աբրահամյան, Հայերենի կետադրությունը (Համապատասխան բառը, բաժինը գտնելու համար սեղմել cntr+F)
Հայերենի կետադրություն — Սերգեյ Աբրահամյան PDF
Յուրի Ավետիսյան, Հնչյունաբանություն(Համապատասխան բառը, բաժինը գտնելու համար սեղմել cntr+F)
Օժանդակ բայեր
Հոդեր
Ուղղագրություն և ուղղախոսություն
Նախադասության տեսակներ, կոչական
Բառի բաղադրիչները․արմատ և ածանց
Շեշտի մասին
Հայերենի շեշտը կայուն է. սովորաբար շեշտվում է բառի վերջին վանկի ձայնավորը: Այդ շեշտը միևնույն ժամանակ շարժական է, քանի որ նոր վանկ ավելանալու դեպքում շեշտը տեղափոխվում է բառավերջի վանկի վրա։ Այսպես՝ փողո՛ց, փողոցի՛, փողոցայի՛ն և այլն։
Կան բացառություններ: Այսպես՝ գաղտնավանկի դեպքում շեշտն ընկնում է նախավերջին վանկի վրա, օրինակ՝ երբե՛մն, ուրե՛մն, ա՛յժմ։ Չի շեշտվում նաև Ը որոշիչ հոդը. այս դեպքում ևս շեշտն ընկնում է նախավերջին վանկի վրա, օրինակ՝ նկա՛րը, քաղա՛քը, աշտարա՛կը և այլն։ Կան նաև բառեր, որոնցում շեշտվում է ոչ թե վերջին վանկի ձայնավորը, այլ նախավերջին կամ էլ դրան նախորդող վանկինը, օրինակ՝ մի՛գուցե, գրե՛թե, իհա՛րկե, մի՛թե (մի՞թե), ո՛րևէ և այլն։ Այդպես -երորդ ածանցով կազմված դասական թվականների և դերանունների շեշտը բառավերջում չէ, օրինակ՝ հի՛նգերորդ, քսանյո՛թերորդ, ո՛րերորդ, քանի՛երորդ և այլն։
Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով (հեռուստատեսություն, ռադիո) հնչող խոսքում հաճախ են հանդիպում հայերեն բառերը սխալ շեշտադրելու դեպքեր, երբ շեշտում են ոչ թե բառի վերջին վանկի ձայնավորը, այլ շատ հաճախ՝ առաջինը։ Այդ սխալները ուղղակի ականջ են ծակում: Բերենք օրինակներ, որոնք քաղվել են եթերից՝ հաղորդավարների խոսքից, գովազդից.
«Գա՛գիկ (փոխանակ Գագի՛կ), ի՞նչ ես անում»:
«Ե՛ղբայր (փոխանակ եղբա՛յր), դու գիտե՞ս՝ ի՛նչ են գողացել»:
«Դի՛մավորեք (փոխանակ դիմավորե՛ք) այսօրվա մեր հյուրին»:
«Զա՛րմանում եմ (փոխանակ զարմանու՛մ եմ), գիտե՞ս»:
«Հայկական բո՛լոր (փոխանակ բոլո՛ր) ալիքները»:
«Ո՛ւժեղ (փոխանակ ուժե՛ղ) պայքար է սպասվում»:
«Երեկոյի ա՛նակնկալ (փոխանակ անակնկա՛լ) հյուրը»։
«Մեր քաղաքում բնակարանները հա՛մեմատաբար (փոխանակ համեմատաբա՛ր) թանկ են»:
«Վայելե՛ք հա՛նքային (փոխանակ հանքայի՛ն) ջրի համը»։
«Ամանորը գա՛լիս է (փոխանակ գալի՛ս է) նվերով»:
«Գիշերային գները շա՛հավետ են (փոխանակ շահավե՛տ են)»:
«Մա՛նրահատիկ, հա՛մեղ, հյո՛ւթալի…» (փոխանակ մանրահատի՛կ, համե՛ղ, հյութալի՛)։
«Հասանելի է միայն ա՛մենաեռանդուն (փոխանակ ամենաեռանդու՛ն) մասնակցին»:
Բոլոր դեպքերում պետք էր շեշտել բառի վերջին վանկի ձայնավորը։
Ըստ հայերենի կանոնների՝ շեշտվում են կրկնադիր շաղկապները, օրինակ՝ թե՛…, թե՛…, և՛…, և՛…, ո՛չ…, ո՛չ… և այլն։ Եթերից հնչող խոսքում այս շաղկապները շեշտելու փոխարեն սխալմամբ շեշտում են դրանց հաջորդող բառերը՝ ասելով.
«Ոչ կրթակա՛ն, ոչ սոցիալակա՛ն, ոչ տնտեսակա՛ն երաշխիքներ չկան»:
«Վիճակախաղին մասնակցում են բոլոր՝ և շահա՛ծ, և չշահա՛ծ տոմսերը»:
Ճիշտ են այս տարբերակները․
«Ո՛չ կրթական, ո՛չ սոցիալական, ո՛չ տնտեսական երաշխիքներ չկան»:
«Վիճակախաղին մասնակցում են բոլոր՝ և՛ շահած, և՛ չշահած տոմսերը»:
Արգելական հրամայականի դեպքում շեշտվում է մի մասնիկը՝ «Մի՛ հուշիր, մի՛ հուշիր»: Այնինչ մի հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավարն ասում է. «Մի հուշի՛, մի հուշի՛»:
Ելնելով վերոգրյալից՝
- շեշտը դնել բառի վերջին վանկի ձայնավորի վրա (բացառությունները չհաշված)․
- կրկնադիր շաղկապների դեպքում շեշտել շաղկապները, ոչ թե դրանց հաջորդող բառերը.
- շեշտել հրամայականի արգելական մասնիկը:
Հարցական նշան
Հարցական նշանը դրվում է հարցական դերանունների վրա՝ ո՞վ, ի՞նչ, ինչո՞ւ, ո՞ւր, ե՞րբ, քանի՞ և այլն, ինչպես նաև հարցական-երկբայական վերաբերա- կանների վրա՝ մի՞թե, չէ՞ որ, չլինի՞ թե և այլն, օրինակ՝ Ինչո՞ւ ես հեծում, մի՞թե ամեհի
Օձն է ճնշում քեզ- կասկածը անհույս….(Ավետիք Իսահակյան)
Հարցական նշան է դրվում նաև այն բառի վրա, որը տվյալ դեպքում արտա- հայտում է հարցում, օրինակ՝ Արմե՞նը տարավ նկարը։ Արմենը տարա՞վ նկարը։
Բացականչական նշան
Բացականչական նշանը դրվում է ձայնարկությունների վրա՝ հե՜յ, վա՜յ, է՜, ջա՜ն, ինչպես նաև այն բառերի վրա, որոնք տվյալ դեպքում արտաբերվում են բացականչական հնչերանգով, օրինակ՝ Նրանք դեռ այնքա՜ն պիտի չարչարվեն, մինչև կարողանան գործն ավարտել։
-Ա՜խ, երնե՜կ քո մատաղ կյանքին,
Որ պիտ ծաղկի Բինգյոլում (Ավետիք Իսահակյան)։
Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում (Վահան Տերյան)։
«Որ» , թե՞ «որպեսզի»
Լեզվական տարածված սխալ
«Ես ուզում եմ, որպեսզի դուք ինձ ծանոթացնեք Արսենի հետ, ասեմ ավելին` այնպես անեք, որպեսզի մենք ամուսնանանք» («Ուրիշի փոխարեն» հումորային ֆիլմից):
«Որպեսզի» շաղկապը «որ»-ի փոխարեն գործածելը տարածված սխալ է:
Իսկ որտեղի՞ց է այս «որպեսզի»-ն: Ռուսերենից։ Օրինակ` мама хочет, чтобы…, я мечтаю, чтобы…
Սա ճիշտ է ռուսերենում, իսկ հայերենում պետք է լինի` «Ես ուզում եմ, որ…»:
«Տեղի տալ», թե՞ «տեղիք տալ»
Սրանցից յուրաքանչյուրն ունի իր իմաստը, սակայն հաճախ դրանք շփոթում են՝ մեկի փոխարեն գործածելով մյուսը։ Այսպես՝ տեղի տալ նշանակում է «զիջել, նահանջել», իսկ տեղիք տալ՝ «առիթ տալ»։ Ճիշտ է ասել՝ նյարդերս տեղի են տալիս, ոչ թե տեղիք են տալիս, սակայն ավելորդ խոսակցությունների տեղիք ես տալիս։
«Չ» ածանց
«Չ» ածանցն ունեցող բայերը շատ չեն։ Դրանք անորոշ դերբայի ԵԼ մասնիկից առաջ ունեն «չ» ածանցը՝ դիպչել, թռչել, կորչել, կպչել, հանգչել, սառչել, ուռչել, փախչել և այլն։
Այս բայերի գործածության տարածված սխալներ կան: Ի՛նչ սխալներ են դրանք, ինչպե՞ս խուսափել դրանցից։ Ահա մամուլում և բանավոր խոսքում հաճախ հանդիպող սխալների օրինակներ՝ «Գնդակը դիպչել է դարպասաձողին»։ «Նա գնաց օդանավակայան և թռչեց Մոսկվա»։ «Երկու ծայրահեղության արանքում կորչեց բուն խնդիրը»։ «Դժբախտությունը ցավալի կերպով կպչեց ինձ»։ «Մոմը դանդաղ հանգչեց»։ «Վարորդը փորձել է փախնել դեպքի վայրից»։
Սխալներից զերծ մնալու համար պետք է իմանալ, թե ինչպես են կազմվում նշված բայերի ժամանակաձևերը։ Ամենևին բարդ չէ։ Ընդամենը պետք է հիշել, որ դուրս է ընկնում«չ» ածանցը, և այս բառերն ունենում են հետևյալ ձևը.
դիպել է, թռել է, կորել է, կպել է, հանգել է, փախել է(և ոչ՝ դիպչել է, թռչել է, կորչել է, կպչել է, հանգչել է, փախչել է), նույն կերպ նաև հոգնակիում՝ դիպել ենք, կորել ենք, կպել ենք, թռել ենք և այլն (վաղակատար ներկա).
դիպավ, թռավ, կորավ, կպավ, հանգավ, փախավ (և ոչ՝ դիպչեց, թռչեց, կորչեց, կպչեց, հանգչեց, փախչեց) և այլն (անցյալ կատարյալ).
դիպի՛ր, թռի՛ր, կորի՛ր, կպի՛ր, հանգի՛ր, փախի՛ր և այլն (հրամայական եղանակ)։
Ավանդույթի ուժով որոշ դեպքերում պահպանվում է հանգչել բայի «չ» ածանցը (օրինակ՝ հանգչի՛ր խաղաղությամբ)։
Հակառակ նշված իրողությունների՝ շատերն էլ «չ» ածանցը երբեմն չեն պահում այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է։ Այս սխալը հանդիպում է կորչել բայի որոշ ժամանակաձևեր կազմելու ժամանակ։ Օրինակ՝ պետք է լինի կորչում է, կկորչի, պիտի կորչի,այլ ոչ՝ կորում է, կկորի, պիտի կորի։
Սառչել և ուռչել բառերը ևս խոնարհվում են նույն սկզբունքով։ Ընդ որում, սրանց զուգահեռ ունենք սառել և ուռել բառերը։ Ի դեպ, սառա, սառար, սառավ, ուռա, ուռար, ուռավ ձևերը, որոնք մի ժամանակ համարվում էին միակ կանոնականը, այժմ ընկալվում են որպես ոչ գրական՝ բարբառային, խոսակցական։ Այսինքն՝ արդի հայերենում ճիշտ են համարվում սառեցի, սառեցիր, սառեց, ուռեցի, ուռեցիր, ուռեց ձևերը։
Խոսակցական լեզվին բնորոշ են այս շարքի մի քանի բայերի «ն» ածանցով թռՆել, կպՆել, փախՆել տարբերակները, որոնք թեև հանդիպում են նաև գեղարվեստական գրականության մեջ, սակայն գրական լեզվում անհանձնարարելի են։
Նկատի ունենանք, որ մի քանի դեպքում էլ ունենք չ-վ փոփոխությամբ կազմվող ձևեր (թաքչել-թաքնվել, հալչել-հալվել, փլչել-փլվել), որոնցից ներկայումս տարածված և նախընտրելի են երկրորդ տարբերակները (բացառություն է հալչել բայի անկատար ներկա ժամանակաձևը՝ հալչում է, որն արդի հայերենում գործածական է)։