_Մա՛մ, գնում եմ զբոսնելու:
_Գնա, Ջովանի, բայց փողոցն անցնելիս զգույշ կլինես:
_Լավ, մամ: Հաջող:
_Դու միշտ էլ այնքան թափթփված ես, որ…
_Հա, մամ: Հաջող:
Եվ Ջովանին ուրախ-ուրախ տանից դուրս թռավ:
Սկզբում նա շա՜տ ուշադիր էր: Անընդհատ կանգնում էր, շոշափում էր ինքն իրեն.
_Ամեն ինչ տեղո՞ւմ է, ոչ մի բան չե՞մ կորցրել,- հարցնում էր ինքն իրեն ու ծիծաղում:
Նա այնքան գոհ էր ուշադրությունից, որ ուրախությունից ճնճղուկի նման թռվռում էր: Հետո սկսեց ցուցափեղկերը դիտել, մեքենաներին նայել, ամպերին, և պարզ է չէ՞, անախորժություններն սկսվեցին:
Մի շատ քաղաքավարի պարոն թեթև նախատեց նրան.
_ Էս ի՜նչ թափթփված ես դու, ա՛յ տղա: Տես, մատներդ կորցրել ես:
_Վա՜յ, ճիշտ որ: Էս ի՜նչ թափթփվածն եմ ես:
Ջովանին սկսեց իր մատները փնտրել: Բայց մի դատարկ բանկա գտավ: Դատա՞րկ: Տեսնես առաջ ի՞նչ է եղել դրա մեջ, հո միշտ դատարկ չի՞ եղել…Ջովանին արդեն մոռացել էր, որ ինքն իր մատները պիտի փնտրեր: Հետո նա արդեն բանկայի մասին էլ մոռացավ, որովհետև մի կաղ շուն տեսավ:
Նա ընկավ շան ետևից, բայց չէր հասցրել միչև տան ետևը վազել, երբ կորցրեց ձեռքը: Կորցրեց ու չնկատեց էլ: Վազում է իր համար, ոնց որ ոչ մի բան չի էլ եղել:
Մի բարի մորաքույր կանչում է նրա ետևից.
_ Ջովանի՜, Ջովանի՜: Ձեռքդ կորցրել ես:
Բայց նրա պետքն էլ չէր, նույնիսկ չլսեց էլ:
_Դե լավ, ոչինչ, -որոշեց բարի տիկինը,-ձեռքը կտանեմ մորը կտամ:
Եվ նա գնաց Ջովանիենց տուն:
_Սինյորա՛, ահա ձեր տղայի ձեռքը:
_ Ա՛յ թափթփվածի մեկը: Չգիտեմ ինչ անել այդ ցրվածին: Այսպիսի ցրված մարդ կյանքումս չեմ տեսել:
_Այո, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն են այդպիսին:
Մի քիչ հետո մի ուրիշ բարի տիկին եկավ:
_Սինյորա՛, ես ինչ-որ մեկի ոտքն եմ գտել: Կարո՞ղ է սա Ձեր Ջովանիինն է:
_ Դե իհարկե՝ նրանն է: Ծակ ոտնամանից ճանաչեցի: Էս ինչ ցրված տղա ունեմ: Չգիտեմ՝ ինչ անեմ նրան:
_Այո, իհարկե: Բոլոր երեխաներն են այդպիսին:
Մի քիչ էլ ժամանակ անցավ. և Ջովանիենց տուն հերթով եկան տարբեր մարդիկ: Մի ծեր տատիկ, բլիթներ բաժանողը, վագոնավար և նույնիսկ մի թոշակառու ուսուցչուհի: Բոլորը Ջովանիի ինչ-որ մասն էին բերում՝ մեկը՝ ոտքը, մեկը՝ ականջը, մեկը՝ քիթը:
_Աշխարհում իմ տղայի նման ցրված տղա չկա,- բացականչում էր մայրը:
_Ինչո՞ւ եք զարմանում, տիկի՛ն, բոլոր երեխաներն են այդպիսին:
Վերջապես հայտնվեց նաև ինքը՝ Ջովանին ` թռչկոտելով մի ոտքի վրա, բայց ինչպես միշտ ճնճուղի նման ուրախ ու համարձակ: Իսկ մայրիկը միայն գլուխն էր թափ տալիս: Հետո նրան հավաքեց-կարգի բերեց և համբուրեց:
_Ամեն ինչ տեղում է, մա՛մ: Ոչ մի բան չե՞մ կորցրել: Տեսնո՞ւմ ես՝ ինչ տղա եմ:
_Այո՜, դրանից լավ չի լինում: