Մարդու միջամտության ու անխառնի տարբերությունները բացահայտելիս․․․
Հայրենագիտական ճամփորդությունը բացահայտում է նոր վայրեր, ցույց տալիս դրանք այլ տեսանկյունից: Բայց միայն դրա համար չէ, որ սիրում այդպիսի ճամփաները: Այդ ճամփեքին մարդկանց եմ սկսում ճանաչել, ավելի սիրել, գնահատել:
Ավելի հետաքրքիր է, երբ քո՝ տարիների տեսածն ես բացահայտում…
Կրթահամալիրի տնօրենի հետ նախօրոք որոշված ճամփա ունեինք անցնելու՝Էջմիածին, Ամբերդ, Այգեշատ, Ոսկեհատ: Վերջինը իմ գյուղն է):
Ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս ձանձրանալու ժամանակ չունեցանք: Առաջին վայրկյանից տիարը ստանձնեց ուղեկցողի պարտականությունն ու սկսեց լուսավորել մեր անտեղյակությունը:
Էջմիածինը դեռ չեմ բացահայտում ինձ համար: Այս անգամ վերջապես տեսա պարիսպներից այն կողմ ձգվող խորհրդավոր եկեղեցիների մի քիչ այլ երանգ, մի քիչ ուրիշ Հռիփսիմե ու Գայանե:
Ողջ ընթացքում չդադարող մտածմունք կար. մի՞թե չի նկատվում վերականգնվածի տեսանելի անմշակույթ, անհոգի երեսը, մի՞թե չեղավ մեկը, որ ասի՝սարքում-սարքում ես, էնպես սարքիր, որ հնով հպարտանալու փոխարեն չսկսեն անտեսել նորաշունչ-անշունչ կոթողներդ: Ինչու՞ ենք շփոթում պատմամշակութային արժեքն ու սեփական տան ձևավորումը…չսիրեցի:
Գյուղս, կապ չունի քանի անգամ կգանք, քանի խումբ կգա, պարտավորեցնող է, իմ տունն է, պիտի հյուրընկալ լինի: Խրիմյան Հայրիկի դպրոցում ուսուցիչների, ընկեր Նասոյանի մտահոգությունները լսեցինք, քննարկեցին, խոսքը գործ դառնալու կարևորության շեշտադրումը եղավ:
Ճանապարհը գյուղի 12-13-րդ դարի բերդ-վանք տարավ, վանքի շուրջ թափվող քարափները նախորդ այցից գրավել էին տիարին, ուզում էր ցույց տալ մյուսներին էլ: Ի՞նչ իմանար, որ գյուղի տղաները քարափի ծայրը կբռնեն ու կտանե՜ն մինչև Ճգնավորի այր: Քայլքով, վազքով, թռիչքով անցանք գյուղի «Ձորով», վայելեցինք անխառն բնության ստեղծագործությունները, մոռացանք մարդու միջամտությամբ աղճատված պատկերների մասին։
Թողեք մնա այն, ինչն առանց ձեր միջամտության էլ սիրուն է։ Ապրեցրեք, եթե կարող եք, չե՞ք կարող՝ մի մեռցրեք:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի, Արմինե Թոփչյանի
