Պահմտոցի
Դոնալդ Բիսեթ
Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։
Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու գողունի մոտեցավ ու գտավ նրան։
Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։
Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։
— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։
— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։
— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։
— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։
Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։
Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։
— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։
— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։
Արևն անցավ թուխպի ետևը եւ հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։
— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետեւում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։
Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։
— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը։— այլևս դուրս չեմ գա։
Ու այլևս դուրս չեկավ։
Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ է։
Փիլիսոփա Բլոճը և մյուսները
ԴոնալդԲիսեթ
Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
-Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն: Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող գեղեցիկ լինել:
Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմար է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարող ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ո՞նց են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին ու ժամացույցին և մտածեց. «Խեղճեր են, էս ի՜նչքան սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին և ժամացույցին.
— Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:
— Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:
— Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
— Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
— Ծառերը շարժելը,-ասաց քամին:
— Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
— Հիմա դու ասա՝ ինչն է չքնաղ,-բոլորը հարցրեցին քեռի Ֆրեդին:
— Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
— Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:
ԴոնալդԲիսեթ
Անձրևը
Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար այս ու այն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները խաղում:
— Վտվտի՛կ, չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք, – ասում էԿտկտիկը:
— Իջնե՛նք, թե չէ՛ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
__ է՜, արի գնանք այստեղից, — հուսահատվում է Կտկտիկը: Նրանք թռչում – գնում են, և անձրևը կտրվում է:
Բոլորը գոհ էին: Ամեն օր արևը շողում էր, շոգն էլ՝ օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ էլ անձրև էր գալիս: Խոտերը դեղնում և չորանում են, ծաղիկները` թառամում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք հագնում են բաճկոնները, բացում հովանոցները և դուրս գալիս փողոց: Ամպերը տեսնում են ու զարմանում.
— Տեսնես ի՞նչ է եղել:
Նրանք իջնում են ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:
— Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը:
— Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը գոհ են` և՛ Վտվտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը:
Ջաննի Ռոդարի
Շոկոլադե ճանապարհը
Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:
-Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:
– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասվալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը: Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց, անիվներն էլ կերան:
Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով
Այո՜, Ջովանինո Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
_ Սա ի՞նչ երկիր է,-հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց Ջիովանինոյին.
_ Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ է, որի սկզբում «Չ» է դրված: Սա նրա համար է, որ մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ: Դպրոցականների համար շա՜տ օգտակար իր է:
_ Հրաշալի՜ է,-հիացած բացականչեց Ջիովանինոն – ուրիշ ի՞նչ կա:
_ Ուրի՞շ… մենք Չկախիչ էլ ունենք:
_ Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_ Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա՜յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` խնդրեմ՝ վերցրո՛ւ: Ասենք ինչ-որ մեկին պիջակ է պետք, պետք չէ խանութ վազել գնելու համար: Պետք է մոտենալ Չկախիչին և վերցնել պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝ կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց է:
_ Լա՜վ… էլ ի՞նչ կա:
_ Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_ Վա՜յ, ինչ սարսափելի է:
_ Ո՜չ, ինչ եք ասում… Չհրացանը այնքան էլ հրացան չէ: Չհրացանը նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_ Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
_ Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք փչում և կրակում Չհրացանով, պատերազմը տեղնուտեղը դադարում է:
_ Ինչ հրաշալի է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում է «Չ»-ով:
Ղազարոս Աղայան
Ամիսներ և չորս եղանակ
Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։
Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։
Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։
Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։
Մթից վախեցող ավտոբուսի մասին
Դոնալդ Բիսեթ
Կար – չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա վառ-կարմիր էր և հայրիկի ու մայրիկի հետ ապրում էր ավտոտոկայարանում, որտեղ ավտոբուսներն էին քնում: Ամեն առավոտ երեքով լվացվում էին, նախաճաշում էին բենզինով, մեքենայի յուղով, ջրով, իսկ հետո ուղևորներին գյուղից ծովափնյա մեծ քաղաք էին տանում: Գնում-գալիս էին, գնում-գալիս էին: Փոքրիկ ավտոբուսն էլ էր ցերեկները տանում-բերում, տանում-բերում: Բայց հենց մութն ընկնում էր՝ վե՛րջ. Ախր ինքը մթից շատ էր վախենում: Մի օր մայրն ասում է նրան.
— Մի բան պատմեմ՝ լսիր: Շատ վաղուց մի Մութ էր ապրում: Էս Մութը վախենում էր ավտոբուսներից: Մի օր նրա մայրը… Գիտե՞ս՝ ով էր նրա մայրը, գեղեցկուհի Հիրիկը: Հա՛, մայրը մի օր ասում է Մութին.
_Պետք չէ վախենալ: Եթե դու վախենաս դուրս գալ, վախենաս աշխարհը մթով ծածկելուց, մութը չի ընկնի, մարդիկ այդպես էլ չեն իմանա, որ քնելու ժամանակն է: Աստղերն էլ չեն իմանա, որ երկնում փայլելու ժամանակն է: Դե, ի՞նչ կասես:
Այդ ժամանակ Մութըը, որ մինչ այդ պահ էր մտել Արևի թիկունքնում, սկսեց զգուշորեն իջնել փողոցների և տների վրա: Քաղաքում ավտոբուսները սլանում են իրար ետևից: Մութը սիրտ է անում ու մի քիչ էլ է իջնում ներքև: Փողոցում լապտերները կամաց-կամաց սկում են վառվել, վարորդներն էլ իրենց մեքենաների լույսերն են վառում: Վերջապես Մութն ամբողջովին իջնում է քաղաքի վրա: Նա չի հասցնում ուշքի գալ, երբ նրա միջով մի ավտոբուս է սլանում: Ի±նչ անսպասելի էր….Բայց Մթի համար հաճելի էր, ափսոս մի քիչ խուտուտ էր զգում:
Հետո Մթի միջով էլի մի քանի ավտոբուս է անցնում: Նրանց մեջ լույսեր են վառվում, մարդիկ տոմսեր են գնում, նստում ու կանգնում են: Մի խոսքով՝ ժամանակը շատ լավ էր անցնում:
Մի քիչ ուշ դուրս է գալիս Լուսինը: Ավտոբուսը տների հետ պահմտոցի է խաղում:
Առավոտյան դարձյալ ծագում է արևն ու Մթին ուղարկում տուն՝ մայրիկի մոտ: Բայց Մութն այլևս չէր վախենում ավտոբուսներից: Երբ մայրիկ – ավտոբուսը վերջացնում է իր պատմությունը, փոքրիկ ավտոբուսն ասում է.
– Լավ, ես էլ կգնամ:
Վարոդը գալիս է, շարժիչը միացնում, մարդիկ գալիս են, նստում տեղերում, տոմսավաճառը զանգը տալիս է, և փոքրիկ ավտբուսը գնում է ուղիղ Մթան միջով: Նա մարդկանց գլխավոր փողոցով տանում էր մեծ քաղաք, որը հենց ծովի մոտ էր գտնվում: