Հայագիտական արշավային դասընթացի ամփոփում. սիրտը ՝ լեռներում

ՀԳԱԴ-ին երկրորդ անգամ մասնակցել որոշել էի նախորդ ՀԳԱԴ-ի ընթացքում դեռ…

Արշավի ու դասի խառնուրդը ոչ մի տեղ չեմ տեսել, չեմ զգացել, համալսարանական տարիներս հայրենագիտության բաղադրիչ չեն էլ ունեցել, ի՞նչ հայոց լեզու, ի՞նչ բնության հետ կապ, ի՞նչ հայրենաճանաչություն ու էդքանի մեջ լեզվի նկատմամբ ամենասուր ու ամենանուրբ վերաբերմունքը միաժամանակ:

Սահմանի գյուղերի մասին պատկերացումներս մեղմ ասած մխիթարող չեն եղել, պատկերացրել եմ սարերի մեջ թաղված, միգրացիայից աչք չբացող տներ:

Հասանք Տավուշի Բերդավան: Չիմացա էլ ինչ եղավ, երբ իմացա 3500 բնակիչ ունեցող գյուղը ոչ մի կապ չունի իմ պատկերացրած սահմանի հետ: Էստեղ ուժեղացել են ստիպված, սովորել են, որ կրակոցը պիտի լինի, նկուղում թաքնվելը պիտի լինի, երեխեքի երազանքը պիտի անկրակոց ապրելը լինի…պիտի ապրել լինի: Թե Բերդավան հասնեք, գտեք Ասլիկյան Գոհարին, ինքը կօգնի հասկանալ, թե ինչ են զգում սահմանի երեխեքը, ջահելները: Ինքը ցույց կտա, թե ինչ ճամփով է հասել նրան, որ հիմա գյուղամիջում բացի տղամարդկանց խաղերից, այգի մտնող աղջիկներ ու երեխեք էլ եք տեսնելու:

Սոսիները, ասում են, շատ զգայուն ու սեթևեթ են, մի թեթև քամուց ճոճվում են, մինչդեռ կողքի ծառերը անշշուկ կանգնած են: Գնաս Չինարքի, նայես, թե ոնց է մի քանի դար ապրող սոսին բաժանվել, սիրտը բացել ու շվաքի տակ ընդունում եկվորին, հետո նայես, թե ոնց է մեջը կայծակից կամ կրակից սևացել, մտածես՝ կարո՞ղ է նեղվել է սիրտը վառվել է․․․

Մեկ էլ՝ աղբ․․․ Մարտիրոսյանն առաջինը սկսում է՝ ոնց միշտ: Պարկերը չեն տեղավորվում մեքենայում, բայց խցկում ենք, չենք կարող թողնել, անհույս է թողնելը:

Սիրտս մնաց Բերդավանում․ էս սահմանը սահման է ապրողներով, մենք էնքան քիչ բան գիտենք իրենց մասին․․․

Զանգում եմ Մարիամ Աղաբաբյանին.

-Մար ջան, որ ասում էի գալիս ենք ձեր կողմերը, հիմա Բերդավանում ենք, Մարտիրոսյանը զանգել է ձեր գյուղապետին, Կողբ ենք գալիս, գնանք Մշկավանք: Կարո՞ղ է միանաս:

-Մար ջան… պապան… Կողբի գյուղապետն է, մենք ձեզ սպասում ենք, եկեք:

Այ էս համեստագույն Մարիամի հետ աշխատել եմ Սեբաստացիում: Ինքը հիմա Կողբում է, որ իր գյուղը զարգացնի, ծննդավայրը կանչել է… Կողբում Գեղարվեստի դպրոց կա, որտեղ կարող եք տորգով աշխատել, 3D տպիչով արձանիկներ տեսնել, հայկական զարդանախշերով լիքը աշխատանքներ: Թե որոշեք Կողբ գնալ, իմացեք՝ 4500 ից ավելի բնակիչ կա, գյուղից գնացող չկա, աշխատող մարդիկ են:

Սարերով մինչև Մշկավանք, տեղում Հրաչ Մարտիրոսյանը հերթական դիպուկ դասախոսությունը կանի ու հետ գալու ճամփան թեթև ու սահուն կլինի:

ՀԳԱԴ_ի իրիկունները քննարկումներինն է, մարդիկ ազատ են արտահայտելու իրենց կարծիքը, ճիշտ ու սխալ չի, տեսակետ է:

Տավուշից Լոռի հասնելու համար շատ բան պետք չէ, տրամադրվելուն էլ ժամանակ չկա, Դսեղը տեսնելու ենք գնում: Նայում ես ձորերին ու մի քանի օր մտածում՝տեսնես Թումանյանը ձորի ո՞ր հատվածի մասին էր պատմում. «Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց. Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած․․․» :

Լոռիում տեսնելու շատ բան կա: Թե ուզում ես իմանալ գյուղի երեխեքը ոնց են դառնում ավելի ինքնավստահ, արարող, կարող ես մտնել Դեբեդի COAF SMART ը, ցույց կտան, թե հանուն ինչի են երեխեքը մի քիչ ուշանում դասերից: Մտքիս մեջ դզզում է՝ոչի՜նչ, էս ոչ ֆորմալ կրթությունը թևեր է տալու, թող դպրոցից էլ մի քիչ բացակայեն, էլ ո՞նց կլինի:

Դսեղում Թումանյանի տունը տեսնել պետք է, բայց զգացողություններս մնացին չսարքած, չավելացրած սենյակների պատերի ներսում, էն սիրունացրած ալյումինե կտուրն ու մնացած սիրունությունը մի տեսակ ավել էր: Խանգարում էր բակի հաստաբուն ծառերի կոճղերի տեսարանը․․․ վրաները դրված թումանյանական կերպարներն էլ սիրտ չէին հովացնում:

Դսեղի կարմիր տանիքները մնացին հայացքումս դաջված, էն սարի տակի կանաչ մարգագետինը, պառկած աստղերին նայելն ու էս տարվա ամռան երգը մնաց։

Դսեղի սիրուններից է Ծովերը, սարերով մի լավ քայլելուց հետո հասնում ես ու էլ հետ գալդ չի գալիս։

Բարձրաքաշի մասին լսած կա՞ք, չգիտես էլ ոնց բերել ու Լոռվա ձորում էդ սիրունն են սարքել, բայց չեն հաշվել սողանքի հավանականությունն ու հիմա կա էն, ինչ կա՝ փլուզված պատեր, կիսատ արձանագրություններ ու մի խորը լռություն բաց երկնքի տակ: Ժամերով նստես ու վեր չկենաս էդ ականջ խլացնող լռության մեջ:

Էդպես էլ չիմացա, թե ե՞րբ են որոշելու էդ սիրուններին փրկել փլուզումից․․․

Թումանյանը մի ուղիղ գծով անցնում է ՀԳԱԴ-ով, հետո սարերով անցնելիս հերթով անցնում են տարբեր գործերը․ էս Սաքոյի ձորն է, էն Մարոյի գերեզմանի տեղն է, էն Գիքորի կինոյի միջի աղբյուրը…

Դսեղից Տավուշ անցնելու համար բան պետք չի՝մի 66, մեջը կանգնած սարախենթերի խումբ ու 7 ժամ էդպես գնալու հավես: Էս սարեր չեն է, էս յայլեք են, ձիերի երամակներ են, տարվա 4-5 ամիսը յայլեքում ապրող մարդիկ են, պստիկներ են, որ բեռնատարի մեջ լցված մարդկանցից ամաչում են, դե, սարի սովոր մաքրամաքուր երեխեք են, ի՞նչ գործ ունեն հետաքրքրված դրսեցիների հետ, մեղվի փեթակներ են, գետեր են, որ մտնես լողաս չկշտանաս:

Նավուր ենք գնում, Նելլիենց տանը պատրաստ են ընդունելու, բայց մինչ տուն մտնելը շշմելու առաջին առիթը. երկինքը․․․ չէ՜, փուլ չի գալիս, չեմ հասկանում, էս երկինքը Ոսկեհատու՞մ էլ կար, էս Ծիր կաթինն է՞, չէ, հավատալու չի, գնաս Նավուր, պառկես դարմանին, առաջին անգամ տեսնես, զգաս Հարգագողի ճամփան ու նայես աստղերին, Մարտիրոսյանն էլ ասի, թե ինչու Հարդագողի, միացնի Սուրեն Քոչարյանի թումանյանական ընթերցումներից, ուշքի չգաս:

Գնացեք տեսեք Նավուրի երկինքը․․․, արևածագ նայեք ու էդ անսահման տիեզերքի մեջ ձեզ զգացեք…

Միափորի լեռնաշղթան տեսնելու համար բեռնատարը պատրաստ է,

Շխմուրատի վանքը 13-րդ դարի է, դրսից բան չեմ զգում, մտնում եմ ու մտածում՝ էդ բաց երկինքը ո՞նց փակես, պատերը ամրացնես, պահես…

Ետդարձին ո՞նց կարելի է 12-րդ դարի Կապտավանք չգնալ, բեռնատարից հիացական բացականչությունների փոխարեն լսվում է՝ ճյուղե՜ր, վա՜խ ,փշե՜ր, կռացե՜ք, ա՜, ու՜, ու․․․ մի ծիծա՜ղ:

Նավուրի յայլեքը պիտի գնանք, Միափորի լեռնաշղթայի մեջ պիտի հանքային ջրի գետի մեջ լողանք, սառենք, ձիերի հետ սիրտս գնա՜: Հետո գանք Նելլիի տատի-պապիի հետ յայլի մեջ հաց ուտենք․․․

Հետ գալու համար ուժ է պետք, հոգեպես էդ մաքրամաքուրից, էդ բնությունից սիրտդ կտրելու, դուրս գալու համար պիտի տարբերակներ գտնել․․․կամ միտքը բերել, սիրտը թողնել լեռներում…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s