Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,կամ Արցախ չճանաչված պետություն Հարավային Կովկասում։ Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է: Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժան մաս: 1805 թվականին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղի խանությունը, որպես այդպիսին, դուրս մղվեց պատմության ասպարեզից։ 1917 թվականին Լեռնային Ղարաբաղն անցավ Հայոց ազգային խորհրդին և կարճ ժամանակ անց միավորվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Նորաստեղծ Ադրբեջանն այս տարածքների նկատմամբ հավակնություններ ուներ հենց այս ժամանակներից ի վեր, ինչի պատճառով 1918—1920 թվականներին Ղարաբաղում ընթանում են զինված բախումներ։ 1920 թվականին տարածքը խորհրդայնացվում է, իսկ 1923 թվականին միավորվում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ի մեջ։ 1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար: Ադրբեջանական ԽՍՀ-ի հերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին և սկսվեց Արցախյան շարժումը, որը վերաճեց ազգային պայքարի: Դրան հաջորդած Արցախյան պատերազմում հայերը տարան վճռական հաղթանակ՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքը, այլև Շահումյանի շրջանը և հարակից տարածքները: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվում է Արցախի անկախության հռչակագիրը։
Անվան ծագումնաբանություն
Ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ, առաջին հիշատակությունները Վանի թագավորության (ուրարտական) շրջանից են։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից ճյուղավորված Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազյանք»։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է։