«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի 3.2 դասարանի սովորող Գևորգյան Նանեի ծնողներ:
Երբ մեր երկիր այցելեց Կորոնա վարակը, դեռ մարտի մեկից մեր երեխաները, ի տարբերություն հանրապետության այլ դպրոցների աշակերտների, շարունակեցին իրենց դասընթացը, որը հեռավար ուսուցման նախատիպն էր։ Այնուհետև, երբ հայտարարվեց համապետական արտակարգ դրություն, բոլորս ստիպված մնացինք տանը, այդպիսով տեղափոխելով տուն ուսում, աշխատանք, զվարճանք և այլ զբաղմունքներ։ Մենք վստահ էինք, որ դեռ 3 տարի առաջ, ընտրելով կրթահամալիրը և մեդիակրթությունը, մեր երեխաները նման իրավիճակում պետք է ավելի վստահ և ճկուն լինեն։ Ասեմ, որ իրավիճակը իր բարդություններով հանդերձ շատ լավ առիթ էր ևս մեկ անգամ ստուգել մեր ընտրությունը։
Կարծում եմ՝ ինչպես յուրաքանչյուր ծնողի, այդպես էլ մեզ համար միշտ առաջնային տեղում է երեխայի կրթությունը, և այդ գործընթացում շատ եմ կարևորում դպրոց, ուսուցիչ, երեխա և ծնող համագործակցությունը։ Այդ իսկ պատճառով միշտ կապի մեջ եմ եղել ուսուցիչների հետ, այս համատեքստում հեռավար ուսուցումը նաև օգնեց այս հարցում, քանի որ հետևելով դասերին տեսանելի է դառնում դասավանդման մեթոդաբանությունը։ Որպես վերը նշվածի տրամաբանական շարունակություն՝ ընտանեկան նախագծերը շատ ենք կարևորում, որին մենք մասնակցում ենք ամբողջ ընտանիքով։ Մեր փոքրիկ՝ 4 տարեկան դուստրը, մեծ հաճույքով է մասնակցում նախագծերին, նույնիսկ տեսադասերին, և, չլինելով կրթահամալիրի սան, նա իրեն ամբողջությամբ համարում է սեբաստացի։ Ստանալով որևէ նախագիծ կատարելու առաջադրանք՝ նախ բոլորով քննարկում ենք, թե ինչ ներկայացնենք, ապա ինչպես այն կատարենք, որ հետաքրքիր լինի։ Նախապատրաստական պրոցեսը անցնում է շատ աշխույժ, Նանեի երգելով՝ երգում է դպրոցում սովորած երգերը, որոնք նա սովորեցնում է քույրիկին։ Մենք մեծ սիրով և ոգևորությամբ ենք իրականացնում ենք ընտանեկան նախագծեր, որոնց ընթացքում տեսնում ենք երեխայի նախասիրությունները, կարողությունները, պատրաստակամությունը, բացահայտում նոր հմտություններև զարգացման ընթացքը։ Մի խոսքով՝ ընտանեկան նախագծերը մեր ընտանիքում վերածվում են տոնի։
Քանի որ շատ ենք կարևորում երեխա, ծնող և ուսուցիչ կապը, նախկինում հետևել ենք և՛ երեխայի դասերին, և՛ մշտական կապի մեջ ենք եղել դասավանդողների հետ, իսկ այս իրավիճակում նաև հետևում ենք առցանց դասերին։ Այս ամենի ընթացքում կարելի է ասել, որ ավելի լավ ծանոթացանք դպրոցին, իր ծրագրին, ուսուցիչների աշխատելաոճին և, ինչու՞ ոչ, նաև մեր հարազատ երեխային։
Երեխաների զարգացման, ինքնաճանաչողության և սեփական նախասիրությունների ձևավորման շրջանում բացի ընտանիքից նաև դպրոցի դերն է շատ կարևոր և այս հարցում մենք հաջողել ենք, քանզի Նանեի մոտ թե՛ մշակութային լավ ճաշակն /նախասիրությունն/ է ճիշտ զարգանում, թե՛ ավելի ուշադիր է շրջակա միջավայրին, որը ՀՀ քաղաքացու շատ ճիշտ դաստիարակության արդյունքն է։
Մեր ազատատենչ երեխաներն այս երկու ամիսների ընթացքում տանը մնալով կուտակել են ահռելի մեծ էներգիա և շատ են կարոտել և՛ իրենց դասավանդողների, և՛ դասընկերների հետ անմիջական շփմանը։ Եթե այնպես ստացվի, որ մինչև ուստարվա ավարտը անհրաժեշտ լինի դպրոց հաճախել, կարծում եմ բոլորը մեծ սիրով կհաճախեն։
Օգտվելով առիթից մեր շնորհակալությունն ենք հայտնում դասավանդողներին, հատկապես Մարինե Մխիթարյանին և դպրոցի ղեկավար Քնարիկ Ներսիսյանին։