Արցախ աշխարհ

Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։

Ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ:

Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։

Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387թ.) Արցախը կազմում է Արևելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է Պարսկաստանի տիրապետության տակ: Արցախը մաս է կազմել Հայկական Բագրատունյաց թագավորության (9-11դդ.), ապա Զաքարյանների հայկական իշխանության (12-13դդ.): Հաջորդած դարերում Արցախը հայտնվել է այլևայլ նվաճողների վերահսկողության ներքո` մնալով հայկական և ունենալով կիսաանկախ կարգավիճակ: XVIII դարի կեսերից սկսվում է թուրք քոչվոր ցեղախմբերի ներթափանցումը Արցախի հյուսիս, ինչը հանգեցնում է ընդհարումների տեղաբնիկ հայերի հետ:

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին` 1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախ -Ղարաբաղն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի 95 տոկոսը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:

1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց և տեղահանվեց շուրջ 40 հազար հայ):

1919թ. օգոստոսին Ղարաբաղը եւ Ադրբեջանը` ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում: Տարածաշրջանի խորհրդայնացման հետևանքով հիմնախնդիրը դուրս մնաց միջազգային կառույցների օրակարգից:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղկոմը (Հեղափոխական կոմիտե — այն ժամանակվա բոլշևիկյան իշխանության գլխավոր մարմին) իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները` Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ճանաչեց որպես Հայաստանի անբաժանելի մաս:

Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը` հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ անբաժանանելի մաս:

Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնության հիման վրա` 1921թ. հունիսին, Հայաստանը նույնպես Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մաս: Այսպիսով տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միացման իրավական ամրագրումը:

1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նունպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ադրբեջանական և Հայաստանի ԽՍՀ-ները 1922թ. դեկտեմբերին ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը: Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ:

Սակայն ողջ խորհրդային ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեք չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ շարունակաբար պայքարեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի խտրականությունն իր ազդեցությունն ունեցավ նաև Ղարաբաղի բնակչության վրա և դարձավ վերջինիս գաղթի հիմնական պատճառը: Արդյունքում, Ղարաբաղի բնակչության հարաբերակցությունը փոփոխվեց. եթե 1923 թվականին հայերը կազմել են Լեռնային Ղարաբաղի բնակչության 94,4 տոկոսը, ապա 1989թ. տվյալներով հայերի թիվը նվազել է մինչև 76,9 տոկոս: Հայաթափման քաղաքականությունն առավել հաջող ընթացավ մեկ այլ հայկական տարածքում` Նախիջևանում: ԼՂԻՄ-ի ժողովուրդը և Հայկական ԽՍՀ իշխանությունները Ղարաբաղն Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու որոշումը վերանայելու խնդրանքով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմումներ են հղել, որոնք անտեսվել են կամ մերժվել, պատճառ դառնալով նախաձեռնողների հանդեպ կիրառվող հալածանքների:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան:

Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվեց ԼՂՀ-ն:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:

Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: 

1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր:  Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s