Արագած լեռ
Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:

Արագածի մասին կան նաև մի քանի ավանդություններ: Օրինակ՝ դրանցից մեկը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն էր:
Արայի լեռ
Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ։ Այստեղ է ընկել իր կնոջը՝ Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու՝ Շամիրամի հրամանով, դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան։ Արայի լեռան փեշին գտնվող Եղվարդ քաղաքի բնակիչներն Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են Աքլորաքար, քանի որ այն լեռան ամենաբարձր գագաթն է։


Աժդահակ լեռ
Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։
