Աշխարհի ժողովուրդները տարբեր կերպ են դիմավորում Ամանորը. ԱՄՆ-ում, օրինակ, կազմակերպվում են ջրային շքերթներ՝ ծաղկազարդ նավակներով, անգլիացիները շատ են կարևորում, թե այդ օրն ով է առաջինն իրենց տուն մտնում. եթե եկողը շիկահեր է, լավ նշան է, եթե թխամազ՝ ոչ այնքան: Չինացիներն այդ գիշեր չեն քնում՝ ակնկալվող հաջողությունը բաց չթողնելու համար, իսկ իտալացիները մեծ հրճվանքով պատուհանից դուրս են նետում հին իրերը. որքան շատ՝ այնքան լավ:
Հին հայերը Նավասարդին հավաքվել են Բագրևանդ գավառի Բագավանում (դիցավան). համաժողովրդական խրախճանքին մասնակցել է շուրջ 120 հզ. մարդ, նաև թագավորը: Այդ օրերին զանազան զոհաբերություններ են արել, կազմակերպել տոնախմբություններ ու ձիարշավներ, աղավնի են թռցրել և այլն: Ապաստան են տվել ու կերակրել նաև օտարական անցորդներին:

Ամանորի տոնական սեղանին դրել են նաև ծիսական հաց, որը կոչվել է տարի-հաց, կրկենի, կլոճ և այլն, որևէ նշանով (օրինակ` մետաղադրամ), և բաժանել ընտանիքի անդամներին. ում բաժին է ընկել նշանով հացի կտորը, նրա համար ակնկալվել է բարեհաջող տարի:
Ամանորին նաև տոպրակ են կախել երդիկներից՝ նվեր կամ որևէ քաղցրավենիք ստանալու համար:
Ամանոր — Նոր տարվա տոնակատարություններն սկիզբ են առել Բաբելոնում, մ. թ-ից 4 հզ. տարի առաջ: Այդ սովորույթը նրանցից փոխառել և հարևան ժողովուրդներին են փոխանցել հին եգիպտացիներն ու հռոմեացիները:
Նոր տարին հունվարի 1-ին նշվում է մ. թ. ա. 46 թ-ից, երբ Հռոմի Հուլիոս Կեսար կայսրը բարեփոխել է օրացույցն ու սկզբնավորել Հուլյան տոմարը: Բայց սեփական տոմար ունեցող ժողովուրդներն իրենց Նոր տարին նշել են տարբեր ժամանակներում` հիմնականում գարնան ու աշնան գիշերահավասարների, գարնանային զարթոնքի ու երկրագործական աշխատանքներն սկսելուն պես և այլն:
Հին հայերը Նոր տարին նշել են Նավասարդի (պահլավերեն է. նշանակում է նոր տարի՝ նավա՝ նոր, և սարդ՝ տարի)
1-ին (օգոստոսի 11-ին), որը համընկնում էր մ. թ. ա. 2492 թ-ին Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան:
Նավասարդը և տոնական նվերները հայերն անվանել են նաև Կաղանդ (հունարեն կալենդ բառից է. նշանակում է ամսագլուխ), Ձմեռ պապին` Կաղանդ պապ:
1582 թ-ին՝ նոր՝ Գրիգորյան տոմարն ընդունելուց հետո, եվրոպական երկրներում տարին սկսել են հունվարի 1-ից, իսկ Ռուսաստանում` Պետրոս Մեծի հրամանագրով` 1700 թ-ից:
Գրիգորյան տոմարը Ռուսաստանում ընդունվել է 1918 թ-ին. փետրվարի 1-ը փոխարինվել է փետրվարի 14-ով՝ արտաքին աշխարհի հետ օրացուցային տարբերությունները վերացնելու համար: Հայաստանում այդ բարեփոխումը կատարվել է խորհրդայնացումից հետո՝ 1920 թ-ի դեկտեմբերի 2-ին:
Հեռավոր, Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Չինաստան, Վիետնամ, Իրան, Աֆղանստան, Արաբական երկրներ) Նոր տարին նշում են լուսնային օրացույցով` ձմեռային գիշերահավասարին հաջորդող լուսնային ամսվա առաջին օրը, որը Գրիգորյան տոմարով համապատասխանում է հունվարի 21-ից փետրվարի 21-ը ընկած օրերից մեկին: