Հոգու աչքերով
Պատերազմը չարիք է, անկախ սպասվող ակնկալիքից, ուղղակի այն չպիտի լինի, գոյություն պիտի չունենա: Քանի դեռ պատերազը շրջում է ճակատագրեր, այն ոչնչի պետք չէ:
Վրեժի ճակատագրում փոփոխություն մտցրեց Արցախյան երրորդ պատերազմը: Շատ չի անցել այն պայծառ օրերից, երբ սեբաստացիներով որոշեցինք Սևակի Զանգակատունը ճանաչել: Ճամփորդական պատմություններիս մեջ այս մեկն առանձնացավ պայծառ երիտասարդների ներառմամբ: Վրեժն ու ընկերները ուսուցչի հետ համբերատար ուղեկցեցին, ներկայացրին գյուղի ամենասիրուն, ամենատարբերվող վայրերը: Ճանապարհը լցվեց դպրոցական տղաների հայրենասիրական գաղափարներով, մտքներիս մեջ վերաձևակերպեցինք. չէ, էս սերունդը ուրիշ է, տարբերվող:
Տպավորություններից ընկերություն մնաց, հարազատ Զանագակատուն գյուղում երիտասարդների մի պայծառ խումբ ավելացավ ընկերների ցանկիս: Վրեժենք գնացին բանակ, իրենց երազած բանակ:
Երբեք խաղաղություն բառն այնքան գիտակցված չեմ ընկալել, ինչքան հիմա: Խաղաղության ճամփին Մատաղիսում ծառայող Վրեժը մի քանի անգամ վիրավորվեց: 19-ամյա ուժեղ տղան դիմացկուն էր, բայց պատերազմում դա միշտ չէ, որ որոշիչ է: Երրորդ անգամ ծանր վիրավորվեց ու տեղափոխվեց Երևան: Գյուղի սարերն աչքերով, մտքով, բջիջներով սիրող տղան կորցրեց մի աչքն, ու տեսնելու շատ փոքր հույս մնաց: Թվում է, թե համատարած խավարի մեջ պայծառ մտքով տղան պիտի չարացած լիներ աշխարհի դեմ, բայց… չէինք հասցնում մենք խոսել….Մար, Նար, եկե՞լ եք, Մար, Նար, գիտե՞ք, էն ճամփով ենք հասնում մեր վանքը, լավանամ գնանք… Մար, Նար, ձիարշավարան կանեմ, մի նեղ արահետով կգնանք մեղվաբուծարան… Մար, Նար, արահետ, որովհետև դաշտի ծաղիկների ու կանաչի միջով պիտի անցնի… Մար, Նար…
Աչքի խավարի հետ կապ չունեցող միտք՝ ավելի պայծառացած: Աշխարհի գեղեցկությունները սրտում պահած Վրեժը ստիպեց մոռանալ հուսահատությունն ու կառչել լուսավորից: Ամաչեցի հուսալքությանս համար…
Մտքի թռիչքներն իրականացնելու համար տեսողությունը պետք է վերականգնել: Չնայած փոքր հույսին՝ վիրահատությունը պետք է անել արտերկրում:
Սեբաստացիական համայնքը «Հանգանակություն» շաբաթ է սկսել, պիտի կարողանանք օգնել բոլորին, ովքեր ֆիզիկապես ողջ մնացին՝ հոգեպես կորցնելով ներքին խաղաղությունը, պիտի փորձենք ապագայի պլանները նաև աչքերով գծել:
Հոգատարություն
Դեկտեմբերի 4-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի «ArtԱսահման» արվեստանոցում տեղի ունեցավ Արփենիկ, Ռաֆայել Պետրոսյան, Դավիթ Թադևոսյան ջազային տրիոյի Love at last համերգը։ Համերգը կազմակերպվել էր «Հոգատարություն» ուսումնական նախագծի շրջանակում, տոմսերի գումարը ամբողջությամբ տրամադրվեց Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Վրեժ Բադալյանին՝ բուժման նպատակով։
Վրեժին հրավիրել էինք համերգին երկմտելով՝ կգա՞։ Սիրով արձագանքեց, ընտանիքի հետ հյուրընկալվեց։ Որոշեցի աչքերի փոխարեն խոսքերով բացատրելք որտեղ է գտնվում։ Պարզվեց՝ իր երազած արահետի նմանությամբ է ստեղծված Գեղարվեստի մուտքի արահետը։
Համերգից հետո միլիմետրի ճշտությամբ նկարագրում էր, թե որտեղ են նստած եղել երաժիշտները, ով ինչ գործիքով է նվագել, տպավորությունները հիացական էին։ Նույնիսկ զգացել էր, որ դաշնամուրը մի քիչ թեքությամբ է դրված. դե, հոգու աչքերն ամենատես են…
Ապագայի հավատը
Վրեժի բուժման համար անհրաժեշտ գումարը մեծ է, բայց բարերարների, հոգատար բժիշկների աջակցությամբ հունվարի 10-ին Վրեժը կմեկնի վիրահատության՝ իր երազած գունագեղ արահետով անվրեպ քայլելու հավատով։
Զանգակատան բարձունքների ճամփեքին
Այստեղ լինելու է ֆիզիկապես առողջացած Վրեժի մասին…