ՍԵԲԱՍՏԱՑԻ-ՈՍԿԵՀԱՏՑԻՆ

-Դու լրիվ Սեբաստացիի կադր ես, գնա։

Չգիտեմ՝ ոնց էին որոշում սեբաստացիներն ինչպիսինն են, բայց եկա փորձելու։ Ալլա Քոչարից մի քանի  գովք էլ ավել լսեցի ու եկա դպրոց։ Կամավորություն անելու հավեսս տեղն էր, ամռան ճամբարն էլ՝ նորություն։ Ի՞նչ իմանայի, որ գեղեցկուհի Քնարիկը տնօրեն է. մի տնօրեն գիտեի՝ Աշոտ Բլեյան։ Տիարի ներկայությունը դպրոցում ապշեցրել էր. խիստ տնօրենից մինչև երեխեքի հետ գրկախառնվող տեսակ, բոլոր աշխատակիցներին կարճ ժամանակում բացահայտող, դրական հատկանիշներն ընդգծող, աջակցող, ինքնակրթության ցանկացած դրսևորում խրախուսող։ Շնորհակալ եմ։ 

Տնօրեն Քնարիկի առաջարկը պարտավորեցնող էր. դասվար։ Իր անսահման վստահությունն ու կամքս իրար հետ սկսեցին աշխատել։ Աշխատանքային կյանքիս ամենաբարդ տարիներն էին։ Երբ ներսում չկա գոնե մեկը, ով կարող է ասել, որ ճանաչում է քեզ, ու էդպես կարծիք կազմեն բոլորը, պիտի ամեն ինչ հերթով ապացուցես ինքդ քեզ ու բոլորին։ Հյուսիսում ու, առհասարակ,  շատ սահուն եղավ դա, հատուկ բաներ անելու կարիք չկար, տեմպի հետ տեսակդ կեղծել չես կարող, ինչ կաս՝ կաս։ Ես հասցրի սիրված զգալ ինձ։ Շնորհակալ եմ։

Իմ գյուղը իմ գյուղն է, իմ անմնացորդ սերը, բայց որ մյուսների համար էլ կարևորություն կստանա, պատկերացրի վերջին երեք տարվա ընթացքում։ Ոսկեհատը կարևորելու արդյունքում բազմաթիվ խմբեր շարունակում են գալ-գնալ, ստեղծվեցին ժամանակն ու տարածությունն անտեսող կապեր, ընկերություն։ Շնորհակալ եմ։

Զարգանալու անսպառ հնարավորություններ ունեցա։ Մաեստրո Հարություն Թոփիկյանի ներկայությունը իմ կյանքի մեծագույն պարգևներից էր։ Իր թեթև ձեռքով երգը դարձավ ավելի սիրելի, խմբում երգելը՝ նվեր-հնարավորություն։

Ամենօրյա շնչակտուր վազքս միայն ֆիզիկապես հոգնեցրեց։ Սովորելու, ինքնակրթվելու համար միշտ ժամանակ կգտնվի։

Սեբաստացիում կիթառ նվագելու երազանքիս համար էլ ժամանակ գտնվեց։ Ընդհանրապես, մեծ երազանքները մի օր պստիկ նպատակների են վերածվում ու իրականանում, եթե մի քիչ ավելի երկար ես մտածում դրանց մասին)։

Սարասերիս համար Արագածից հետո ամեն ինչ ավելի թեթև, հեշտ ու իրատեսական թվաց։ Էս երազանքս էլ արագ իրականացավ։

Ժամանակի ընթացքում Հյուսիսում ոչ մի ծանոթ չունեցողի կարգավիճակից անցա ընկերներ ունեցողի կարգավիճակին։ Քնարիկի հավատը, որ կհաջողեմ, թևեր տվեց ավելին անելու։

Շատ են մարդիկ, որոնց պիտի շնորհակալություն ասեմ վերջին երեք տարիների կայացմանս համար, շատերի հավատը, ոգևորիչ խոսքը, մեկնած ձեռքն են օգնել կասկածելի, անլուծելի թվացող իրավիճակներում, մենակ ոչինչ էլ չէր ստացվի։ Բոլորից շատ բան սովորելու հնարավորություն եմ ունեցել։ Փորձել եմ ազնիվ աշխատել։ Շնորհակալ եմ։

Լավ սկսվող ամեն բան պետք է լավ էլ ավարտվի։ Սիրով սկսվեց, սիրով անցավ ու սիրով է ավարտվում պայմանագրային աշխատանքս, ինչը ոչ մի կապ չունի 《սեբաստացի》 զգալուս հետ։ Սովորողներիս ու ընկերներիս հետ կապերն անշղթա են, իրական մանկավարժությունն՝ ամենուրեք…