Երկու տեսակ՝ մեկ բնություն

Վերջին տարիներին առօրյայիս ամենալուսավոր կետի 《առյուծի բաժինը》արշավներինն է, սարեր֊ձորեր-անհայտ֊հայտնիներն անցնելու վարակը 《ախտահարել》 է ինձ։

Դրանց ընթացքում ստանում ես ինչ պիտի ստանաս՝ արշավականը գիտի, բայց դե, կարևոր հոգեկանից բացի առաջին տեղում մարդկային շփումն է։ Հազար տարվա ընկերոջդ կարող ես արշավի ժամանակ 《հոգեպես》կորցնել, ինքդ քեզ էլ… ամենաբարդ ու պատասխանատու պահերին տեսակի կորուստն արդարացում չունի… ճամփին այնքա՜ն հեշտ է ետ մնացող ընկերոջից վազքով հեռանալը՝ գագաթի փափագով տարված..

Այս տարի ՀԳԱԴ(Հայագիտական արշավային դասընթաց)-ին մասնակցեցի։ Ծրագրի մասին կարելի է ժամերով խոսել, բայց դա՝ առանձին հոդվածով։

Տասնօրյա գիտարշավի ընթացքում ինչից ասես որ չես պատմի, խմբի հետ ինչ ասես որ չես քննարկի, քո մասին էլ առանց մտածելու կխոսես ժամերով։ Առիթ էր՝ տվեցին. Սեբաստացիի մասին պիտի պատմեի առաջին օրով։ Սիրում եմ մեր միջավայրը, քննարկելու չէ, հավեսով պատմեցի։ Առաջին օրն էր՝ ծանոթներս, հետո արդեն՝ ընկերներս, չթողեցին հարցերի պակաս զգայի։

Պատմելը մի բան է, իրականությունը ցույց տալն՝ այլ։ Արշավական ընկերներիս մեջ էր Դավիթը. հանդիպել էր տիարին, խոսել էին, ծանոթ էր կրթահամալիրին։ 《Երկրի հարցը》 հաղորդումն ունի, ի՜նչ մեղքս թաքցնեմ, մեկ անգամ էի նայել)։ Ծրագիրն ավարտվեց, բայց Դավիթին մեր կրթահամալիրի իրական կողմերը ցույց տալու խոստումը մնաց։ Լրագրողների խմբի պատասխանատու Արուսյակ Հոխիկյանն առաջարկն ընդունեց ու հանդիպումն իրական ասուլիսի վերածելու ցանկություն հայտնեց, նախապատրաստվեցին սովորողները։

Դավիթ Սարգսյանը դեռ պատանեկությունից եթերում աչքի էր ընկնում տարբերվող մտածելակերպով ու գիտելիքի պաշարով, վստահ էի՝ սովորողներին շատ բան կունենա ասելու։ Արշավական ու եթերի դավիթների տարբերությունը ամենակարևոր կետում խաչվում էր՝ մարդկայինի սահմանին։

Հանդիպումը սկսեցինք Գեղարվեստի դպրոցում շրջայցով՝ բաց միջավայրի, ուսումնական լաբորատորիայի, բակի ու արվեստանոցի ներկայացմամբ, Ատտիի ու ձագուկների հետ էլ ծանոթացավ(արշավից գիտեի՝ շնասեր է)։

Ասուլիսը սկսվեց. հարցերի շարքը, լրագրողների անկաշկանդ խոսքը առաջինն ի՛նձ զարմացրեց։ Դավիթի մի կողմն էլ բացահայտեցի. երեխաների հետ իրենց լեզվով է շփվում՝ հնարավորինս հասկանալի։ Լա՜վ քրքրեցին կյանքը՝ ինչպե՞ս որոշեց դառնալ լրագրող, ի՞նչ է կարդում, տանեցիները դեմ չէի՞ն… Զարմացա… Դավիթը 4-5- րդ դասարանցիների հարցերին այնքա՜ն սիրով, գունավոր, հավեսով պատասխանեց, որ քիչ մնաց ես էլ հարցերի տեղատարափ անեի՝որպես ասուլիսի լրագրող։

Ավարտեցինք Հյուսիսի խմբի հետ կլոր սեղանի շուրջ, տիար Բլեյանն էլ միացավ զրույցին, հիշեցին, քննարկեցին ծանոթ-հուզող թեմաները։ Հրավերն էլ չուշացավ. կրթահամալիրի Բանգլադեշը քայլքով անցնելը տիար Բլեյանի սիրելի գործն է, առաջարկեց Դավիթին, Արատեսի դպրական կենտրոնն էլ իսկական արշավականին հաստատ կհետաքրքրի։

Ես էլ ևս մեկ անգամ զգացի. արշավական ընկերոջ հետ այլ հարթության մեջ համագործակցությունը նույն հավեսն էր, ինչ որ՝ արշավական օրերին միասին բարձունք գրավելը. մեջտեղում ճանապարհ, գետ, բնություն կա, հիշողության ուժն է։

Ու ի՜նչ լավ է, որ արշավական ընկերներս կյանքում ևս դառնում են ներկա։

Оставьте комментарий